ԳՐԻԳՈՐ ԱՐԾՐՈՒՆԻ․
19-րդ դարի հայ հասարակական գործիչ, հրապարակախոս, «Մշակ» թերթի խմբագիր
Զարմանալի է և աններելի, որ այս մտավորականը չի խորացել իր Ազգի դաժան ճակատագրի պատճառների մեջ և օտար երկրներ տարած կորստբեր բավիղները Հայ ժողովրդի համար համարել է վայելքների պողոտա:
Ահա նրա աններելի մոլորությունը, որը սակայն նսեմացնում է Հայ ժողովրդին, որի զավակն էր նաև ինքը և կարծես սերում էր Արծրունյաց արքայական տոհմից:
«Գուցե ոչ մի ազգ աշխարհիս երեսին այնքան հակումն չունի դեպի գաղթականությունը, դեպի միմյանցից ցրվելը, միմյանցից փախչելը, ինչքան հայերը: Հայը լավ է համարում բախտավոր ապրել օտարության մեջ, քան թե ազգի շրջանում բաժանել իր արյունակիցների հետ նրանց բոլոր ցավերը և ուրախությունները: Այդ է եղել միշտ հայի թուլությունը, և Հայաստանի՝ որպես քաղաքական մարմնի անկման պատճառը: Հայը վերջապես չունի սեր դեպի հայրենիք՝ նա առաջին անախորժ դիպվածում փախչում է իր հայրենիքից և հետո միայն հեռվից սկսում է կեղծավոր կերպով անհամ սիրահարական երգեր երգել իր հայրենիքին…
Այն ազգը, որի մեջ սիրո զգացմունքը մեռած է, նա ստրուկ է, իսկ ստրուկը ընդունակ չէ որևէ բարոյական և հասարակական առաջադիմության:
Գրիգոր Արծրունի, 1877 թ.»։
Երբ ես կարդացի Գրիգոր Արծրունու այս դաժան մեղադրականը ՀԱՅ ժողովրդի հասցեին, ցնցվեցի, հետո զարմացա և զայրացա, որ Գրիգոր Արծրունին՝ ժամանակի ամենաուսյալ, հայոց պատմությունը լավ իմացող այդ մտավորականը կարող է այսպես մակերեսորեն ընկալել Հայ ժողովրդի պատմությունն ու դարերի հոլովույթով անցնող նրա դժբախտությունները, որոնք հետևանք են եղել որոշակի պատմական ժամանակահատվածներում մեր քաղաքական ղեկավարների՝ թագավորի և իշխանների քաղաքական թուլության: Այո՛, ռազմական թուլությունը հետևանք է քաղաքական մտքի թուլության:
Ես զայրացա և փորձեցի պարզաբանել այն թյուր կարծիքն ու բնութագիրը, որ մեր մտավորականներն անգամ տուրք են տվել օտարների՝ մեզ ստորացնելու և նսեմացնելու միտումին:
Ըստ էության, այդ բացասական բնութագրումները Հայ ժաղովրդի հասցեին բացասական ծրագիր է տվել մեր ազգի հետագա գոյությանը։
Կարծում եմ` նա պիտի գոնե ծանոթ լիներ մեր ժողովրդի պատմությանը, երբ նա, պետականությունը կորցնելուց հետո, ենթարկվեց բռնագաղթերի։
Բյուզանդիան և Պարսկաստանը, որ դարերով եղել են իրար թշնամի, Մեծ Հայքի խաչմերուկ- տարածքին տիրելու համար դարձան դաշնակիցներ և կրկնակի հզորության ուժով հարվածեցին Հայաստանին՝ մասնատելով այն 387 թվին։
577 թ. Բյուզանդիան բռնագաղթեցրեց տասնյակ հազարավոր հայերի գրեթե անմարդաբնակ Կիպրոս կղզի, և կարճ ժամանակ անց այդ կղզին բարգավաճեց։
Արաբները, պարսիկները, անգամ թաթար- մոնղոլներն են բռնագաղթեցրել պետականությունը կորցրած հայերին։
Հետագա դարերում , կարծեմ, 1604 թվից սկսած,
Շահ Աբասը բռնագաղթեցրեց ոչ միայն Նախիջևանի, որ ժողովրդի մեջ տարածված է որպես Ջուղայի գաղթ, այլև Արևելյան և Արևմտյան Հայաստանի շատ շրջաններից՝ մեծ թվով հայ բնակչությանը։
Թուրք-պարսկական, ռուս- պարսկական, ռուս- թուրքական պատերազմների ժամանակ ռուսները բռնագաղթեցրել են հարյուր հազարավոր հայերի:
Ի դեպ, 1826-28 թթ. ռուս- պարսկական պատերազմի ժամանակ Ռուսաստանը Պարսկաստանից գրավում է նաև Արցախի և մերձկասպյան բնիկ ժողովուրդների՝ իրանական ճյուղին պատկանող թալիշների և թաթերի տարածքները, բայց Հայոց Խոյ, Սալմաստ, Մակու մարզերը թողնում է Պարսկաստանին, և այդ մարզերի հայ բնակիչներին ենթարկում է բռնագաղթի, տեղափոխում է Արցախ և Արևելյան Հայաստանի՝ ներկայիս Աբովյանի, Հրազադանի,Արտաշատի, Աշտարակի շրջաններ, նաև Կարս․հիշենք, որ Եղիշե Չարենցի ծնողները Կարս էին գաղթել Մակուից։
Այդ շրջանների գյուղերի բնակիչները մինչ օրս պահպանել են Խոյի բարբառը։
Նույնքան արցախցիներ էլ բռնագաղթի են ենթարկվում և բնակեցվում Վրաստանում:
Այսօր Բոլնիսի շրջանում ապրող հայերը Արցախից բռնագաղթած հայերն են, որ մինչ օրս պահպանել են Արցախի բարբառը։
Իսկ մեր Հայրենիքի տարածքի մի հատվածի վրա բոլշևիկների քաղաքական անհեռատեսության հետևանքով ստեղծված Ադրբեջան պետության քաղաքական ղեկավարները և պատմաբանները պատմական հենց այդ փաստն են հիշատակում, թե իբր Արցախի հայ բնակիչները բնիկ չեն, այլ եկել են Պարսկաստանից:
Գրիգոր Արծրունին՝ հայ մտավորականը, որ, ենթադրում եմ, Արծրունիների տոհմից է սերել, այսպիսի ընդհանրացում չպետք է աներ։
Ես հոդվածներ ունեմ, որտեղ մեկնաբանել եմ հայերիս հենց այդ` իբր գաղթականական հոգեբանութուն ունենալը։
Այսօրինակ բնորոշումներն առանց պատմական անցքերի վերլուծության և փաստարկումների, ժողովրդի համար դառնում են դատավճիռ, այն, ինչն այսօր պատմության գիտակը կամ ոչ գիտակը, չխորանալով երևույթի խորքը,փաստն է միայն վավերացնում ՝ «թափառել ենք...»:
Հավատացնում եմ` երբ ունենանք պետություն կառավարելու ունակ և բարոյական բարձր արժանիքներով զտարյուն, Հայրենիք-պետությունը կշեռքի նույն նժարի վրա՝ որպես նույնարժեք հարստություն ընդունող հայ ղեկավար- կառավարիչներ, աշխարհի հայերը տուն կվերադառնան:
Օտարի երկրում ամենաշքեղ ապարանքն էլ տուն չէ, այլ հյուրանոց, որի տերը ցանկացած պահի կարող է վտարել, մի բան, որ հաճախ է եղել նաև հայերիս հետ: ․
Իսկ տունդարձի ճանապարհն ամենակարճն է ու անվտանգը:
Հայրենադարձությունը մենք կարող ենք ու պետք է համազգային շարունակական Ծրագիր դարձնենք:
Մենք դա կարող ենք, մանավանդ հայրենադարձության փորձ ունենք Սովետի տարիներին, դա արդյունք տվեց, որովհետև պետությունն էր կազմակաերպել և ուղղորդել։ Պարզապես մեր պետության կառավարիչները պետք է հատուկ բարոյական և հայրենասիրական դաստիարակություն ստանան և ․․․հոգեբուժական «Փսիխո» հանձնեն:
Հարգանքներս՝ ամեն գիտակից և Հայրենիք-պետությանը անսակարկ նվիրված Հայի։
Մարի ԲԱՐՍԵՂՅԱՆ-ԽԱՆՋՅԱՆ
Գրող, հրապարակախոս